Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Շնորհավորում ենք WWF-Հայաստան-ին

Շնորհավորում ենք WWF-Հայաստան-ին  բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում, նոր համագործակցության հուշագրի ստորագրման կապակցությամբ: 
«Հայաստանի զարգացման
նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը համագործակցելու են բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում:

Համաձայն հուշագրի՝ IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը համատեղ աշխատանքներ կիրականացնեն «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաև հանրապետության հարավում կնախաձեռնեն նոր բնության հատուկ պահպանվող տարածքի՝ «Տաթև» ազգային պարկի ստեղծումը: Վերոնշյալ նախաձեռնությունների նպատակը տարածքի յուրահատուկ էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանումն է, աջակցությունը էկոտուրիզմի զարգացմանը:
Հուշագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
«Մեր համագործակցությունն ուղղված է Տաթևի տարածաշրջանում բնության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը: IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանը զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ դարձնելն է, ինչը կնպաստի նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են՝ միջնադարյան վանական համալիրը, ճոպանուղին, հարուստ բնությունն ու յուրահատուկ էկոհամակարգը, որի պահպանումը կարևոր է նաև էկոտուրիզմի զարգացման առումով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի կյանքի կոչել տարածաշրջանի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»,-նշեց IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:

«Շատ կարևոր է մեր համագործակցությունը IDeA հիմնադրամի հետ, որի արդյունքում կպահպանվեն Տաթևի տարածքի յուրահատուկ էկոհամակարգը և կենսաբազմազանությունը, ինչպես նաև կստեղծվեն լայն հնարավորություններ տարածքում գտնվող համայնքների համար բարելավել իրենց ապրելամիջոցները»,-ողջույնի իր խոսքում ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Հ.Գ. Կրթահամալիրը և WWF-Հայաստան նույյպես սկսել են համագործակցել, ինչը շատ կարևոր քայլ է էկոկրթական նոր ծրագրերի իրականացման ոլորտում:
Նարեկ Սահակյան

No comments

Powered by Blogger.