Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոհայրենագետները Թեղուտի պաշտպան



Երեկ Էկոհայրենագիտական ակումբի սովորողները մասնակից եղան Փրկենք Թեղուտը քայլարշավին:
Մաշտոցի  պուրակում  բնապահպանները  ներկայացրեցին   մի շարք փաստեր, որոնք ապացուցում  են  Թեղուտի  հանքի   շահագործման   ապօրինի  լինելը,  ապա   երթով շարժվեցինք   դեպի   ՀՀ   դատախազության   շենք,   որտեղ  շարժման   մասնակիցները հանդիպում   պահանջեցին  գլխավոր  դատախազի   հետ,   որպեսզի  նրան  ներկայացնեն բոլոր  այն   փաստերը,    որ   բացահայտում  է   ապօրինությունները    բնօգտագործման բնագավառում:


 «Թեղուտ»  քաղաքացիական նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ACP ընկերությունը 2010 թվականին փոխել է շահագործման նախագիծը, սակայն այդ նորը չի անցել համապատասխան բնապահպանական փորձաքննություն, հանրային լսումներ տեղի չեն ունեցել, ինչպես որ օրենքն է պահանջում, հետեւաբար` ACP ընկերությունն այս պահին էլ անօրինական գործունեություն է ծավալում Թեղուտի տարածքում:
Մեր հետ հարցազրույցում Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը նշեց, որ Թեղուտի 2010 թվականի փոփոխված նախագծով ավելացել է խորությունը՝ 435 մետրից դառնալով 890, ինչը, բնապահպանների ներկայացմամբ, հասնում է Բալթիկ ծովի մակարդակին. «Եթե հանքարդյունաբերողն առարկում է եւ ասում է, որ նման բան չկա, ուրեմն ընկերությունը թող հրապարակի այդ զեկույցը, տեսնենք` կա՞ նման բան, թե` ոչ, էլ չենք ասում, որ թափոնների քանակը, անտառահատումները նոր նախագծով ավելանում են: Իսկ պետական մարմիններն իրենց հերթին որևէ քայլ չեն ձեռնարկում»:
Այս բողոքի ցույցի վերաբերյալ էկոհայրենագիտական ակումբի սովորողները ունեն իրենց կարծիքը.

Սարիբեկյան Ռաիսա 11-րդ դասարան
Կարծում եմ, որ նմանատիպ գործողությունները  չպետք էլինեն անիմաստ ուղակի աղմուկ բարձրացնելու համար, այլ պետք  է գնալ մինչև վերջ, մինչև   որ տրվի  հարցի արդարացի լուծումը: Ես որպես Հայաստանի քաղաքացի մասնակցեցի ակցիային և բոլոր գիտակից քաղաքացիները պետք է մեր կողքին լինեին, ի վերջո պայքարը մեր ապագայի համար է:

Ստեփանյան Արմեն 10-րդ դասարան
Ես  հայրենասեր եմ, սիրում եմ արդարությունը, յուրաքանչյուր ապօրինություն ինձ համար թույլատրելի չէ, այդ պատճառով էլ մասնակցեցի բնապահպնակական հավաքին: Այսօր Թեղուտն է, վաղն էլ մեկ ուրիշ անտառ կամ հանք, մյուս օրը արդեն ապրելու տեղ չենք ունենա:

Ղազարյան Հայկ 11-րդ դասարան
Ես երբևէ նմանատիպ ցույցերի, հավաքների, ակցիաների չեմ մասնակցել: Թերևս կարծում էի, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է: Բայց ահա էկոհայրենագետ դառնալով` ես եղա Մաշտոցի պուրակում, քայլեցի այդքան ցուցարարների հետ, նրանց հետ բացականչեցի փրկենք Թեղուտը: Ու հիմա կարծում եմ, որ իմ մասնակցությամբ էլ միգուցե մի բան փոխվի, համոզված եմ, որ արդարացի պահանջը արդարացի լուծում կունենա: Ու ես այսուհետ միանում եմ Թեղուտի պաշտպանների շարքերին:



No comments

Powered by Blogger.