Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Հայրենագիտական ամառ»  նախագիծ

 Հարգելի սովորողներ, ամառային արձակուրդի ժամանակ դուք հնարավորություն ունեք լինելու տարբեր բնակավայրերում: Պատմեք այդ բնակավայրի մասին, Ձեր բլոգում ու դպրոցի ենթակայքում ներկայացրեք բնակավայրը, նրա պատմությունն ու ներկան, խնդիրներն ու ձեռքբերումները, մարդկանց: Հաշվի առեք հետևյալը.
1.        Վայրի աշխարհագրական դիրքը, հեռավորությունը խոշոր ու հայտնի բնակավայրերից
2.      Փոքրիկ տեղեկություն տվյալ բնակավայրի տեղացիների մասին (սովորույթներ, ավանդույթներ, պատմական հայրենիք, հավատ և այլն)
3.      Տեղեկություններ տվյալ բնակավայրում եղած նշանավոր ճարտարապետական կոթողների, բնական ու պատմական հուշարձանների ու այլ կառույցների մասին
4.      Տվյալ բնակավայրի էկոլոգիական իրավիճակի բնությագիրն ու գնահատականը
5.      Առաջարկներ ու լուծումներ և այլն
Ձեր նյութի հղումը ուղարկեք հետևյալ հասցեներին m.asatryan@mskh.am,e.agjoyan@mskh.am, լիարժեք աշխատանքները կհրապարակվեն էկո-հայրենագիտական ակումբի բլոգի համապատասխան բաժնում: 

Էկոհայրենագիտական ամառ

Հուլիսի 1-5  -   մասնակցություն Էկոտուր 2013-ի ճամբարին Զիկատար բնապահպանական կենտրոնում
Ճամբարի ընթացքում և հուլիսի 6-8  «Զիկատար արգելավայրի» մեդիափաթեթի ստեղծում
Հուլիսի 10- 13 ճամբար Լոռու մարզում
Նպատակը
·         Միասնական ուսումնական, հետազոտական, էկոլոգիական ամառային հանգիստ
·         Կրթական կապերի ամրապնդում
·         Էկոտուր 2013-ի հաղթողների հետ Դեբեդ գետի տարածքի, պոչամբարի  ուսումնասիրում
·         Այցելություն Վանաձորի «Սարուխանիան» դենդրոպարկ՝ «Հայաստանի արգելոցները» նախագիծ
·         Հայրենագիտական, էկոլոգիական արշավներ, բարձրունքի հաղթահարում
·         «Դասարան անիվների վրա» նախագիծ
Գիշերակացը  կազմակերպում են  world vision կազմակերպության մեր գործընկերները
Հուլիսի 15- 17- ուսումնական նյութերի հրապարակում(Սանահին, Հաղպատ, Վանաձորի «Սարուխանիան» դենդրոպարկ, Դեբեդ գետ ) բլոգներում, ակումբի բլոգում և Կրթահամալիրի կայքում
Հուլիսի 26 - Դասարան անիվների վրա» նախագիծ «Սևան» ազգային պարկում
Հուլիսի – 28- 30 -  ամառային ընթերցանություն, առցանց քննարկում ակումբի բլոգում

Մարթա Ասատրյան

Իջևանի դենդրոպարկ

Իջևանի դենդրոպարկը գտնվում է Աղստև գետի աջ ափին:Այն հիմնադրվել է 1962 թվականին: Երկար տարիներ դենդրոպարկում աշխատել է Լյուդվիգ Սայադյանը` կենսաբանական գիտությունների թեկնածու, ներկայիս տնօրենի հայրը: Այստեղ կա շուրջ 650 տեսակի ծառ ու թուփ: Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի, ճապոնական խուրմա և այլն:Ի դեպ այս բոլոր պտուղներից համտես արեցինք: Ներկայիս տնօրեն Մեխակ Սայադյանը խոստացավ կրթահամալիրին նվիրել տարբեր բույսեր ու ծառատեսակներ, նա կգա կրթահամալիր, որպեսզի ուսումնասիրի տեղանքը ու ըստ դրա էլ կընտրի տեսակները:Նկարները Հրակ Թորոսյանի










Հավուց Թառ

Գտնվում է Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափի լեռան գագաթին: Ըստ Մխիթար Այրիվանեցու, մոտակա Քեղվա բերդի իշխան Գևորգը (հավանաբար` Գևորգ Մարզպետունի) Xդ.-ում այստեղ կառուցել է Ս.Ամենափրկիչ եկեղեցին:Ըստ արձանագրության 1013թ.-ին այն վերստին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը:
Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIVդդ., ավերվել է 1679թ.-ի երկրաշարժից։ XVIIIդ. վանքը վերանորոգել է Աստվածատուր կաթողիկոսը։ Վանքի համալիրը բաղկացած է շինությունների երկու խմբից։ Արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին (XIIIդ.) կառուցված է սրբատաշ կարմրավուն տուֆից։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը հարուսւո են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթը և ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։
Արևելյան խումբը հիմնովին վերակառուցվել է XVIIIդ. 1-ին կեսում, օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721թ.-ին Աստվածատուր կաթողիկոսը հիմնել է Ս.Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ), որն անավարտ է մնացել լեզգինների առաջին արշավանքի պատճառով։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, իսկ հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։













Արատես

Արատեսի վանքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին:Արատեսի վանքի Ս. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (X դ.) ունի երեք ավանդատուն` խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ.) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև XIII դ. կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում զույգ ավանդատներով գավիթ: 
Ս Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270-ին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ` Սիրանես)` փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թթ.): Արատեսի վանքին 1073-ին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220-ին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը:XIII դ. վերջին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Արատեսի վանքն իր կալվածքներով հանձնել է Նորավանքին` որպես ամառանոց, իսկ 1301-ին Արատեսի վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Արատեսի վանքում 1303-ին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան X-XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:










Գանձասարի վանք



 Գանձասարի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա: Հիմնադրվել է մինչև X դ.: Հայոց Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի` քաղկեդոնականության դեմ պայքարելու համար: 949-ին Խաչենում հրավիրված ժողովին մասնակցել է Գանձասարի վանքի վանական Սարգիսը: Սելջուկների դեմ պատերազմում զոհված Խաչենի Գրիգոր իշխանի աճյունը բերել ու թաղել են Գանձասարի վանքում, որը ըստ XII-XIII դդ. մատենագիր, օրենսդիր Մխիթար Գոշի վկայության, նրա նախնիների տապանատունն էր: Արցախ-Խաչենի իշխանաց իշխան Հասան Ջալալ Դոլան 1216-38-ին կառուցել է վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (օծվել է 1240-ի հուլիսի 22-ին` Վարդավառի օրը): Ըստ Կիրակոս Գանձակեցու, իշխան Հասան Ջալալի կազմակերպած մեծ տոնախմբությանը ներկա է եղել 700 քահանա: Հյուրերի թվում էին Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ և եպիսկոպոսներ, Հայաստանի շատ վանքերի առաջնորդներ:
Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին ունի ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք և հարուստ գեղարվեստական հարդարանք: Ներսում, առագաստների տակ կան երկրաչափական զարդաքանդակներ (շրջանաձև, աստղաձև, քառակուսի), իսկ վերևում չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներն են: Նուրբ և ճոխ մշակում ունի բեմի ճակատամասը: Արտաքուստ ճակատներն ունեն զույգ խորշեր և զարդարված են դեկորատիվ կամարաշարով: Հայկական արվեստում իր հարդարանքով բացառիկ է եկեղեցու գմբեթը, որի թմբուկի նիստերին կան Հին և Նոր կտակարանների թեմաներով պատկերաքանդակներ, կենդանակերպ, երկրաչափական և բուսական մոտիվներով զարդաքանդակներ: Արևմտյան նիստերին քանդակված են ծալապատիկ նստած կտիտոր (հիմնադիր և մեկենաս) իշխանները` գլխներից վեր պահած եկեղեցիների մանրակերտերով, Քրիստոսը և նրանից ներքև` Ադամը և Եվան: Հարավային նիստերին խմբված են ծնկաչոք, լուսապսակներով մարդկանց (հավանաբար` առաքյալների) քանդակներ, որոնք դիմում են միջին նիստի ճակտոնում պատկերված Աստվածածնին: Արևմտյան ճակատին կա բարձրարվեստ խոշոր պատկերաքանդակ` «Խաչելության» տեսարանով
Վանքի գավիթը հիմնադրել է Հասան Ջալալ Դոլայի կին Մամքանը` 1261-ին, ավարտել է նրանց որդի Աթաբակ-Իվանեն`1266-ին: Գավիթն ունի խաչվող կամարնենով ծածկ և հատակագծային-ծավալային հորինվածքով կրկնում է Հաղպատի վանքի գավթի ձևերը (հավանաբար, երեքն էլ նույն ճարտարապետի կառույցն են): Գանձասարի վանքի արևմտյան շքամուտքն ունի ճոխ ձևավորում, դռան ճակատակալ քարում օգտագործվել են բազմագունության հնարք:
1261-ին Ղազիվում (Իրան) սպանված Հասան Ջալալ Դոլայի աճյունը նրա որդի Աթաբակ-Իվանեն տեղափոխել է հայրենիք և թաղել Գանձասարի վանքում: 1271-1301-ին վանքը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: Մոտ 1400-ին վանքը դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը: 1417-ին Մատթեոս Մոնոզոնը վանքում գրել է բանաստեղծությունների մի ժողովածու` կազմված տաղերից, ներբողներից և Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունից:
1441-ին վանքի եպիսկոպոս Ազարիան մասնակցել է Էջմիածնում Հայոց կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու ընտրություններին: 1462-ին կարակոյունլու սուլթան Ջհանշահի կին Բեգում-խաթունը հրովարտակով հաստատել է Գանձասարի իրավունքները և կարգադրել պետական պաշտոնյաներին` վանքը հարկերից ազատել: 1467-80-ին վանքը որպես նվիրատվություն ստացել է գյուղեր, հողամասեր, դրամ: 1487-ին ակկոյունլու Յաղուբ Փադիշահը հրովարտակով հաստատել է Գանձասարի Շմավոն կաթողիկոսի իրավունքները և նրան ենթակա հոգևորականությանն ազատել հարկերից: Գանձասարի վանքը 1493-ին որպես նվեր ստացել է Մսերզին գյուղը, իսկ 1507-ին` Տանձաձորը: 1546-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551-ին` նորոգել վանքի եկեղեցին: 1606-20-ին Գանձասարի վանքի նախկին սարկավագ Մեխլուն Արցախի լեռնային շրջաններում գյուղացիական ապստամբություն է հրահրել և ղեկավարել, դատապարտել է վանականների աշխարհիկ, զեխ կյանքը, քարոզել ունեցվածքի հավասարություն:
1628-33-ին Գանձասարի Հովհաննես կաթողիկոսը նորոգել է վանքը: 1653-ին Գանձասարի կաթողիկոս Պետրոս Խանձկեցին կանգնեցրել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի երկաթե խաչը, նորոգել վանքը: 1659-ին վանքում Հովհաննես Ապահունեցին գրել է «Քերականություն» ժողովածուն: 1675-ին մահացել է Պետրոս Խանձկեցի կաթողիկոսը, և Երից մանկանց վանքում ստեղծվել է Գանձասարին հակաթոռ կաթողիկոսություն` Սիմեոն Խոտորաչենցու գլխավորությամբ: 1689-ին Երեմիա Կաթողիկոսը կառուցել է Գանձասարի վանքի սեղանատունը: 1699-ին վանքում տեղի է ունեցել Գանձասարի կաթողիկոսի և XVII-XVIII դդ. հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իսրայել Օրու հանդիպումը: 1702-ին Գանձասարի կաթողիկոս է դարձել եսայի Հասան Ջալալյանը: Նրա օրոք վանքը դարձել է Ղարաբաղի նաև քազաքական և ռազմական կենտրոնը: 1762-ին վանքում կայացել է Հովհաննես կաթողիկոսի և XVIII դ. 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման ղեկավար Հովսեփ Էմինի հանդիպումը: Վանքում 1778-ին Հովհաննես կաթողիկոսը «Դատաստանագիրք» է գրել: 1781-ին Գյուլիստանի Մելիք Աբովը նորոգել է եկեղեցին ու գավիթը: 1783-ին Գանձասարի վանքում Ղարաբաղի մելիքների և հոգևոր առաջնորդների հավաքը նամակ է հղել ռուսական բանակի գեներալ իշխան Պոտյոմկինին` խոստանալով նրան Ղարաբաղը պարսկական տիրապետությունից ազատագրելու արշավանքի ժամանակ օգնել պարենով և ռազմական աջակցություն ցույց տալ:
1813-ին Ղարաբաղն անցել է ռուսական տիրապետության տակ: 1815-ին ռուսական կառավարությունը վերացրել է Գանձասարի (Աղվանքի) կաթողիկոսությունը և այն փոխարինել մետրոպոլիտությամբ: 1836-ին արքեպիսկոպոս Բաղդասարը մետրոպոլիտության կենտրոնը Գանձասարի վանքից տեղափոխել է Շուշի: 1898-ին Անտոն վարդապետը Գանձասարի վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը: 1907-ին նորոգվել են Գանձասարի վանքի գավթի տանիքն ու զանգակատունը: 1923-ին Լեռնային Ղարաբաղի Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո վանքը դադարել է գործել: Վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988-ին: 1992-ին ԼՂՀ  ներխուժած ադրբեջանական զորքերի հրետակոծությունից ավերվել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք 1993-98-ին վերանորոգվել են:


Powered by Blogger.