Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ջրամբարները կարող են կիսատ լցվել, սակայն ոչ թե եղանակի, այլ՝ ՀԷԿ–երի պատճառով. մասնագետներ

Tert.am
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներից, որ փետրվարը նույնպես տաք կլինի՝ ոլորտի ներկայացուցիչները վաղօրոք եզրակացություններ անել չեն շտապում, թե տարին սակավաջուր կլինի, ինչը վնաս կհասցնի ոչ միայն գյուղատնտեսությանը, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ կառաջանան։ Tert.am-ի հետ զրույցում նրանք, թեև տեղումների պակասը մտահոգիչ են համարում, սակայն ջրամբարները լցվելու հարցը միայն դրանով չեն պայմանավորում, այլ նախևառաջ ՀԷԿ-երով, որոնց պատճառով էլ ըստ նրանց, ոռոգման ջուր կուտակել չի հաջողվում։ 

Նշենք, որ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մի քանի օր առաջ հրավիրված ասուլիսին նշել էր, որ այս տարվա ձմեռը 1966 թ-ից հետո համարվում է երկրորդ ամենատաք ձմեռը։ Ըստ նրա՝ ձյան ծածկի ամենահաստ շերտը Աշոցքում է` 52 սմ, այն դեպքում, երբ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում հանրապետության լեռնային շրջաններում ձյան ծածկը հասնում էր 90 սմ-ի, սակայն այս տարի այն շատ քիչ էր` մինչև 30 սմ։ Նա նաև տեղեկացրել էր, որ փետրվարը նույնպես կլինի տաք ամիս։
Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորգյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Մախսուդյանը նկատեց, թե դեռ շուտ է խոսել, տարին սակավաջուր կարող է լինել, թե ոչ։ «Դրա մասին կարելի է խոսել արդեն փետրվարի վերջին։ Ընդհանրապես կյանքի փորձը ցույց է տվել, որ փետրվարի և մարտի առաջին տասնօրյակին տեղումներն են ջրամբարներում ջրի կուտակման հարցը լուծել։ Ես Հիդրոմետի հայտարարությունը չեմ լսել, բայց պետք է սպասել, քանի որ այդ տեղումներով կորոշի, որ ջրառա՞տ կլինի, թե՝ ջրասակավ»,-ասաց նա։
Հարցին, թե հնարավոր խնդիրը միայն տեղումների քիչ քանակո՞վ է պայմանավորված, պատգամավորը հակադարձեց՝ խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանց մասին խոսել նախընտրեց ուրիշ անգամ։
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը համակարծիք է, որ վիճակը մտահոգիչ է՝ տեղումները քիչ են եղել, բայց անհանգստանալ, ըստ նրա, վաղ է։
«Անհանգստանալու դեռ որևէ բան չունենք, կարծում եմ դեռ եղանակները կկոմպենսացվեն։ Այո՛, եղանակային վիճակը մտահոգում է, բայց Հիդրոմետի ասածը միշտ բարենպաստ է լինում գյուղատնտեսության համար հետագայում, այնպես որ շատ շնորհակալ եմ, որ իրենք նման կանխատեսում են արել, կարծում եմ, որ հակառակը կլինի»,- հեգնեց Բերբերյանը՝ օրինակ բերելով անցած տարվա փորձը:
«Նույն Հիդրոմետն անցյալ տարի էլ էր սակավաջրություն կանխատեսել, սակայն արդյունքում մարտի 30-ին 40 սմ ձյուն է գալիս, և ծիրաներինը ցրտահարվում են»,-ասաց նա։
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ լեռնային գոտում ձյան ծածկ կա. «Իհարկե դա այն պահանջը չէ, որ պետք է լինի, բայց կարծում եմ՝ փետրվար ամսին իրավիճակը պետք է որ ուղղվի, անձրևներ կգան, իրավիճակը կշտկվի, նման իրավիճակն առաջին անգամ չէ»։
Նա ամեն դեպքում հայտարարեց՝ Կառավարությունը պետք է խնդրին ուշադրություն դարձնի, բայց ոչ թե սակավաջրությունը որպես պատճառ ներկայացնելով, «այլ ամեն գետի ու առվի վրա դրված ՀԷԿ-ի խնդիրը լուծելով», որոնց պատճառով էլ ջրամբարները կիսով չափ են լցվում։
«Դրա դեմ պետք է պայքարենք, ով ապօրինի այդ ՀԷԿ-երը թույլատրել է, պետք է պատասխան տա։ Արդեն քանի տարի է  սակավաջրություն են կանխատեսում ու ջրամբարներում կիսատ լցված ջուրը եղանակով բացատրում, ինչն արդեն ծիծաղելի է, դրանք ՀԷԿ-երի հետևանք են։ Ինչքան ՀԷԿ-երը շատանան, այդքան ջրամբարների ջուրը կպակասի»,-ասաց նա և հավելեց, թե ջրերը ՀԷԿ-երի պատճառով այլ ուղղությամբ են գնում և ջրամբար չեն հասնում։
«Կառավարությունը պետք է  արագ գործի անցնի, ՀԷԿ-երը փակվի, գյուղատնտեսության հաշվին փող չեն աշխատում»,- ավելացրեց նա։
Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ պնդում է՝ վաղ է սակավաջրության մասին խոսելը, քանի որ ըստ նրա, նույն Հիդրոմետն ընդհանուր կանխատեսում անում է, բայց կոնկրետ երկար ժամանակի համար կանխատեսել հնարավոր չէ։ «Օրինակ՝ անցյալ տարի հարցրել ենք, ասել են, որ երկար ժամանակի համար չենք անում»,- ասաց նա։
«Իհարկե անհանգստացնող ազդակներ կան, բայց փետրվար-մարտին կերևա իրավիճակը։ Խնդիրը մեզ մոտ հիմնականում կորուստներն են, կորուստներն այնքան շատ են՝ մինչև 70-80 տոկոս են հասնում ոռոգման համակարգում, որ եթե հետն էլ չորային տարի լինի, մենք հերթական անգամ պատրաստ չենք լինի ջուր ապահովելու»,-ասաց նա և նկատեց, թե պետք է նախ մտածել այդ կորուստները նվազագույնի հասցնելու խնդրի մասին։
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանը ևս համաձայն է, որ պետք է այսօրվանից խնդիրների վրա ուշադրություն դարձնել, որ կարողանանք փետրվարմարտին սպասվող ջուրը կուտակել ջրամբարներում։ Ըստ նրա՝ չի կարելի հարցը պայմանավորել քիչ տեղումներով, հատկապես, որ շրջաններում բավական տեղումներ եղել են։
«Պետք չէ Երևանի մակարդակով դատել։ Ձնածածկույթ կա լեռնային շրջաններում  և կարծում եմ՝ ջրամբարները կլցվեն, եթե այլ խոչընդոտներ չլինեն։ Տեղումները պետք չէ բերել պատճառ, թե երաշտ է ու գյուղատնտեսական խնդիրները դրանով կապել»,-ասաց նա և հավելեց, թե նման դեպքերում մեզ համար արդեն հասկանալի է դառնում, ջրամբարների չլցվելու դեպքում կրկին անգամ որտեղից է Կառավարությունը գյուղացուն ջուր հասցնելու համար միջոց գտնելու։
«Բոլորիս համար  հասկանալի է, որ դա լինելու է Սևանը, որ կրկին կբարձրանա Սևանա լճից ջրբացթողումների խնդիրը։ Մենք մեր աչքի առաջ ունենք, որ այս տարի այդ խնդիրը կփորձեն ավելի լուրջ դնել, պատճառաբանելով, թե ձմեռն ավելի քիչ տեղումներով է եղել, գյուղատնտեսական խնդիրներ կծագեն, ջրի խնդիր կունենա գյուղացին, բայց  պետք է հուշենք, որ ջրամբարների պակաս լցվելու պատճառը միայն սակավաջրությունը չէ։ Իհարկե, այս տարի, համամիտ ենք, եղել են ձմեռային ֆոնի վրա փոփոխություններ, բայց հո նախորդ տարիներին ունեցել ենք տեղումներ, այստեղ այլ խնդիրներ կան»,- ասաց նա և կրկին անգամ մատնանշեց փոքր ՀԷԿ-երի գործոնը։
«ՀԷԿ-երի այսպիսի քանակությունը երբևիցե թույլ չի տա, որպեսզի ջրամբարներն ամբողջությամբ լցվեն, խնդիրն անընդհատ շոշափվում է՝ ասում ենք, բարձրաձայնում ենք, բայց արդյունքն ի՞նչ՝ անընդհատ տալիս են նոր ՀԷԿ-երի կառուցման համար թույլտվություններ ։ Չնայած մենք ունենք ջրային լավ ռեսուրսներ, որոնք սակայն արդեն իսկ սկսում են սպառվել անխնա օգտագործման արդյունքում»,- ասաց նա։
«Մենք կորցել ենք ջրային ռեսուսրները, ինչի՞ համար, էլեկտրաէներգիա արտադրելու, իսկ ի՞նչ է տալիս այդ էներգիան ժողովրդին, երբ դրա փոխարեն կորցնում ենք գյուղատնտեսություն, ոչինչ, էլեկտրաէներգիայի սակագինը ինչպես բարձր կար, նույնն էլ մնում է։ Անհատ մարդիկ են շահում, որոնք ուղղակի ՀԷԿ-երը օգտգործում ենէներգիան վաճառում են և դնում գրպանը»,- ասաց նա և շեշտեց, որ այսօրվանից պետք է խնդրին ուշադրություն դարձնել։

«Բազմաթիվ անգամ ենք այս հարցը բարձրացրել, խորհրդարանական լսումեր են անցկացվել, Սևանի հարցով, խնդիրը դրվել է, որ կառուցեք ջրամբարներ և թողեք ջրամբարները լցվեն, օգտագործեք ջրամբարների ջուրը, սա ես չեմ ասում, մասնագետներն են ասում, բայց արդյունքն ի՞նչ՝ եղած ջրամբարները չեն կարողանում նորմալ օգտագործեն, ինչի՞ մասին է խոսքը, ջրամբարներ էլ կան, որ ջուրը լցվում է, ու չգիտես էլ ուր է գնում, մենք ի վիճակի չենք ամեն ջրամբար մոնիտորինգ անել առանձին։ Անցյալ տարի մեզ ճղում էինք, ասում էինք ջրային կոմիտեի նախագահին, որ բավականին ջրառատ տարի է եղել, բա ո՞ւր է գնացել այդ ջուրը, անհասկանալի բացատրություններ էին տալիս, որոնք բոլորովին մեզ չեն գոհացնում։ Իրավիճակն էլ չի շտկվում, չի լավանում, քանի գնում, այնքան վատթարանում է»,- եզրափակեց նա։

No comments

Powered by Blogger.