Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Արատես

Արատեսի վանքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին:Արատեսի վանքի Ս. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (X դ.) ունի երեք ավանդատուն` խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ.) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև XIII դ. կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում զույգ ավանդատներով գավիթ: 
Ս Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270-ին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ` Սիրանես)` փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թթ.): Արատեսի վանքին 1073-ին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220-ին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը:XIII դ. վերջին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Արատեսի վանքն իր կալվածքներով հանձնել է Նորավանքին` որպես ամառանոց, իսկ 1301-ին Արատեսի վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Արատեսի վանքում 1303-ին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան X-XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:










No comments

Powered by Blogger.