Հայաստանի բնապահպանական թեժ կետերը.
20-րդ դարի վերջին բնապահպանությունը դարձավ մարդկության գլոբալ հիմնախնդիրներից մեկը և դարի վերջին արդեն ձևավորվեցին բազմաթիվ բնապահպանական միջազգային կառույցներ, հղացան նոր գաղափարներ կյանքի կոչելու համար «մաքուր և անվտանգ մոլորակ» գաղափարախոսությունը: Այս ճանապարհին որդեգրվեցին բազմաթիվ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են մինչ այժմ, այնպիսիք ինչպիսին է օր. ` «Աղտոտողը վճարում է» սկզբունքը:
Դրան զուգահեռ նաև ընդունված տարբերակ դարձավ, որ զարգացած երկրները` բնապահպանական գործունեություն իրականացնելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրում զարգացող երկրներին, կոմպենսացնելու համար այն մեծ վնասը, որն իրենց տնտեսական գործունեության հետևանքով հասցնում են բնությանը:
ՀՀ Սյունիքի մարզում 2013 թվականին ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը, մոտավորապես 70 000 հեկտար տարածքով: Այն իր մեջ ներառում է «Շիկահող» պետական արգելանոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար», «Սև լիճ» և «Սոսիների պուրակ» պետական արգելանոցները: Փաստացի, համալիրը ստեղծվել է KfW գերմանական զարգացման բանկի հետ համաձայնություն ձեռք բերելու արդյունքում, որը խոստացավ տրամադրել 8.25 միլիոն եվրո համալիրի ստեղծման և զարգացման համար:
Իսկ թե ինչի վրա կծախսվեն այդ գումարները դեռևս հանելուկ է: Հայտնի է միայն այն, որ համալիրը չի արդարացնում իրեն` գաղափարական ու ֆունկցիոնալ տեսանկյունից:
Բանն այն է, որ հատուկ պահպանվող տարածքներում խոսք անգամ լինել չի կարող հանքարդյունաբերության մասին: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի ը ենթակետով ասվում է, որ ազգային պարկի ռեկրեացիոն գոտում արգելվում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը: Նույն հոդվածի 3-րդ կետի ը ենթակետով Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդերքի շահագործումը պայթեցման միջոցով, իսկ թ. ենթակետով` հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխում:
Օրենքի արհամարհվածության ապացույցը Լիճքի և Մեղրասարի հանքարդյունաբերական ծրագրերն են: Ամենացավալին այն է, որ օրենքը խախտողների թվում նախ և առաջ կառավարության ներկայացուցիչներն են, որոնք թքած ունեն ոչ միայն սեփական օրենսդրության այլ նաև միջազգային պայմանագրերում ամրագրված կետերի վրա:
WWF-ի անկախ փորձագետների նախնական գնահատմամբ, Տաշտունի ծննդավայրի շահագործման նախագծի տարածքի 60%-ը մտնում էր «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ: Իսկ նախատեսվող Լիճքի պղնձի հանքավայրը «Արևիկ» ազգային պարկից հեռու է ընդամենը 780 մետրով:
Նյութի վերլուծության ժամանակ օգտագործված աղբյուրներ.
http://ecolur.org/hy/ra-law-on-specially-protected-natural-areas/86/
http://www.azatutyun.am/content/article/25231111.html
http://www.ecolur.org/hy/news/forest/losing-shikahogh-government-merging-it-with-vzangezourv-bioatmospheric-complex/5648/
Նյութի հեղինակ՝ Սուրեն Կարապետյան
No comments
Post a Comment